вторник, 26 апреля 2016 г.


Հրանտ Մաթևոսյան ՙՙԱշնան Արև՚՚


Մեր ժամանակակից դասական գրականության վառ ներկայացուցիչներից է Հրանտ Մաթևոսյանը: Նրա մուտքը գրականություն հաստատվեց հրապարակախոսական առաջին իսկ երկով՝ «Ահնիձոր» ակնարկով, որը սուր հարցադրումներով ցնցեց ոչ միայն ժամանակի մտավոր ու հանրային միտքը, այլև խմբագրակազմի աշխատակիցների պաշտոնանկության պատճառ եղավ։ Երկի լույս տեսնելուց հետո խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինները նշանառության տակ առան Հրանտ Մաթևոսյանին, դրանով իսկ զրկվելով նրան բուհն ավարտելու հնարավորությունից...
Աշնան արևը  Հրանտ Մաթևոսյանի վիպակներից մեկն է։ Հրատարակվել է 1973 թ.։

Վիպակի հիման վրա 1977 թ.  նկարահանվել է համանուն ֆիլմ։ Կյանքի աշնանը մոտեցող կինը՝ Աղունը, պատրաստվում է գյուղից գնալ Երևան որդուն ամուսնացնելու։ Ճանապարհի պատրաստությունների ընթացքում նա մտովի հիշում է իր անցյալը, որը մեծ տառապանքների ու փոքր ուրախությունների մի շղթա է։

Այստեղ հիմնական սյուժեն (Աղունը գնում է քաղաք` ամուսնացած որդուն այցելության) բաժանված է մանր սյուժեների, որոնցից յուրաքանչյուրը սկզբով և վերջով բացահայտում է հայ գյուղացու կյանքի դժվարությունները:

Աղունի կերպարը իր առանձնահատուկ ըմբոստությամբ նորություն է ազգային գրականության մեջ` նաև այն առումով, որ նա իրեն շրջապատող աշխարհն ընկալում է սեփական սպասումներով, իր ակնկալիքների և պահանջմունքների բավարարման առումով: Ինքնատիպ այս կինը աշխարհի և մարդկանց նկատմամբ ունի սեփական ակնկալիքները, սակայն նրա երազանքները փշրվում են տասնամյակներ շարունակ խորթ մոր վերաբերմունքից սկսած, որին հաջորդում են ամուսնությունից հետո ապրած վիշտն ու տառապանքը, ամուսնու ընտանիքի անդամների հետ ունեցած վեճերը: Աշխարհին պրկված նյարդերով նայող Աղունը երբեմն էլ կորցնում է իրականության հետ կապը և ընկնում հիստերիայի մեջ:

Իհարկե, նրա` քաղաք մեկնելը ավագ որդու` Արմենակի մոտ, վիպակում խորհրդանշական իմաստ ունի. չէ՞ որ քաղաքում ապրելով, նա արդեն պետք է փոխի իր պատկերացումները կյանքի մասին, քանի որ  փութկոտ ռիթմով ապրող կանայք այնտեղ կարողանում են իրենց ես-ը ազատել կենցաղից: Աղունը, սակայն, քաղաք չի հասնում, նրան այնտեղ չենք տեսնում, բայց նրա  ապրումները, որոնց նա հաղորդակից է դարձնում ընթերցողին իր ապրած կյանքով, վկայում են նաև անհայտի հետ հանդիպման նրա վախի մասին` ինչպիսի՞ն է նա և, ինչպիսի՞ն կտեսնի ինքը քաղաքը, ինչպե՞ս կընդունի իրեն Արմենակը, ինչպե՞ս կվերաբերվի իր հետ հարսը. Աղունին մասնավորապես մտահոգում է հարսի վերաբերմունքը իր նկատմամբ, քանի որ ինքն իրեն լավ հարս չի համարում:

«Աշնան արևը» վիպակում հեղինակը կարողացել է ներկայացնել քաղաքի հանդեպ Աղունի ունեցած մտահոգությունները, որ գյուղի չարքաշ աշխատավոր կնոջը դրդում են վերապրել իր բարդ, բազմաչարչար կյանքը: Աղունը  մերժված, չգնահատված, օտարված և վերջապես ներվային կնոջ մի կերպար է, որի միջոցով գրողը միաժամանակ փորձում է իր ուշադրությունը կենտրոնացնել հայ կնոջ հիմնախնդրին, նրա կերպարի արդիականացման անհրաժեշտության վրա. չսիրած ամուսնուն հավատարիմ Աղունը ցանկանում է լինել երջանիկ և գնահատված:

Որքան վառ, գունեղ և ըմբոստ է Աղունի կերպարը, նույնքան հանդուրժող, հանգիստ և առաջին հայացքից անճար է Սիմոնը, և այս առումով էլ նրա անվան ընտրությունը ազգային գրականության մեջ հիշեցնում է Ավ. Իսահակյանի հանրահայտ ծառայի կերպարին: Սիմոնը աշխատավոր մարդ է, հարգանքի արժանի, որն իր ընտանիքի ապրուստը հոգալու համար գիշեր-ցերեկ աշխատում է: Նա իր ընտանիքի անդամների հանդեպ մեծ պատասխանատվություն ունեցող անձնավորություն է, որն իր կյանքում միայն մեկ բան գիտե` հանդի և տան ճանապարհը: Խրախճանքը, անհոգ կյանքը նրա համար չեն, և Սիմոնը նույնիսկ վախ ունի դրանց նկատմամբ:   Աղունի  ագրեսիայով պայմանավորված, նա մի հստակ կողմնորոշում ունի` պահպանել ընտանիքը, թեկուզ և իրեն չսիրող կնոջ հետ: Սիմոնը չի ձգտում քաղաք գնալ և հոգու խորքում էլ դեմ է Աղունի գնալուն: Նրա կարծիքով, ճիշտ կլիներ, որ Արմենակը վերադառնար գյուղ, սակայն Աղունի խոսքի տարափը հետ է պահում նրան այդ մտքից, և նա գերադասում է լռել` թաքցնելով իր` Աղունի հանդեպ տարիների ընթացքում կուտակած վախը: Սիմոնը ևս չի սիրում Աղունին. «Եթե մեր մեջ սիրո պես մի բան եղել է` այդ եղել է Ձորագէս կայարանի լուսավոր խանութում» , սակայն նրանք շարունակում են իրենց համատեղ կյանքը` ցանկանալով պահպանել իրենց` դառնությամբ ստեղծած խաբուսիկ բարեկեցության պտուղները հանուն հասարակական կարծիքի:

Մարդիկ ապրում են գյուղում, բայց չեն կարծում, թե իրենք լավ են ապրում:
Վիպակի գագաթնակետը այն դրվագն է, որտեղ Սիմոնը Աղունին տանում է մայրուղի, որ քաղաք ճանապարհի:

Ստեղծագործության վերջում, մինչև ձին բեռնեն, արդեն Սիմոնն է իր հիշողություններով. դժվար կյանք է ապրել նաև Սիմոնը. կյանքը իր դժվարություններով և Աղունն իր դժգոհություններով նրան դրել են ծանր վիճակի մեջ: Սիմոնը Սոնային էր սիրում: Սիմոնը` խեղճ ու կրակ, սիրելով Սոնային , իր չսիրած կնոջ հետ էր ապրում: Եվ այս մտորումների մեջ, վախենալով, որ իր որդին էլ սխալ ընտրություն կանի,  նա կնոջը պատվիրում է, որ տղային հայտնի ու փորձի համոզել, որ նա չշտապի և զագս չգնա:
Այդպես էլ ավարտվում է ստեղծագործույթունը . Սիմոնը կրկնում և խնդրում է, որ Աղունը որդուն չմոռանա հայտնել զագս չշտապելու մասին իր մտադրությունը, իսկ Աղունը նրա ասածը չմտապահելով` հարցնում է` ի՞նչը, ի՞նչը…

Օգտագործված գրականություն

Արմինե Ստեփանյան, Հրանտ Մաթևոսյանի գեղարվեստական հրապարակախոսության լեզվաոճական մի քանի առանձնահատկություններ /http://www.magaghat.am/

Մ.Ք. Զաքարյան,  Հետարդիական արժեքային բազմաչափ համակարգը Հր. Մաթևոսյանի  «Աշնան արև» վիպակում http://lraber.asj-oa.am/6228/1/183.pdf



Комментариев нет :

Отправить комментарий