четверг, 2 апреля 2015 г.

                                      Դանիել վարուժան «Հացին երգ»

Դանիել Չպուգքյարյանը ծնվել է 1884 թվականին, Արևմտյան    Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում  ։
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու  քանդակագործության կոթողները։ Նա մեծ հետաքրքրությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություննենր, ուսումնասիրում գրականություն և փիլիսոփայություն: Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի դասավանդում է Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։Նա դառնում է Պոլիսի ամենահայտնի և սիրված բանաստեղծներից մեկը, գրական հավաքություների ոգին։Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՛ «Սարսուռներ»,«Ցեղին սիրտը»«Հեթանոս երգեր», որոնց հաջորդում է «Հացին երգ» շարքը, որ գրվել է 1912-1915 թթ: Այս բանաստեղծություններում նա կարծես վերհիշում է իր գյուղական մանկությունը ու գովերգում աշխարհի ամենասուրբ ու մարդուն ապրելու համար ամենաանհրաժեշտ բանը՝ հացը, որ տրվում է քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա այս շարքում գրել է 29 բանաստեղծություն, որոնցից ես ուզում եմ խոսել երեքի մասին: «Անդաստան» բանաստեղծությունում Վարուժանը կարծես հեթանոսական աղոթքի նման աշխարհի չորս կողմի համար աստվածներից խնդրում է խաղաղություն, բերրիություն, առատություն և պտղաբերություն ու սեր: Բանաստեղծության մեջ ինձ շատ դուր են եկել նրա համեմատությունները, օրինակ «Ոսկի ծովուն մեջ ցորյանին» կամ «Ամեն աստղե ցող կայլակի ու ամեն հասկ ձուլե ոսկի» : Այս նույն տեսարանը շարունակվում է նրա «Հասուն արտ» բանաստեղծության մեջ,  որտեղ արտն ու ցորենը  համեմատվում են ոսկու հետ:
Այսպես է սկսվում բանաստեղծությունը

Արտս ոսկո՜ւն է...
Նման բոցերու,
Ցորենն է բռնկել առանց այրելու։
Արտս ոսկո՜ւն է...
և այսպես ավարտվում:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասուն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ
:

Սա ասես հողագործի ձոն երգ լինի, մի յուրօրինակ հորովել  իր ընտանիքի բարեկեցությունը ու կյանքը ապահովող ոսկե արտերին:
Ես կարդացել եմ , որ «Հացին երգը» շարքը հացի ստեղծման պատմություն է ցորեն ցանելուց մինչև հացի թխվելը և սեղանին դրվելը:
Եթե նախորդ երկու բանաստեղծություններում նա նկարագրում էր արդեն աճած դեղնաոսկեգույն ցորենը, ապա «Առաջին ծիլեր» բանաստեղծության մեջ Վարուժանը նկարագրում  է, թե ինչպես մի գիշերվա մեջ հողը ճեղքում են ցորենի առաջին ծիլերը ու բարձրանում, որով պիտի սկսվի նոր կյանքը:
Ըստ ինձ, Դանիել Վարուժանի «Հացին երգ» շարքը շատ առանձնահատուկ է և հետաքրքիր իր թեմայով, որը արտահայտում է իր սերը հողի, բնության ու կյանքի հավերժության նկատմամբ: ԵՎ ինձ համար շատ ցավալի էր, որ այն մարդը, որը այդքան սիրում էր բնությունը,կյանքը սպանվեց այլ հանճարեղ բանաստեղծների հետ: Ու ցավոք բանաստեղծը չհասցրեց ավարտել իր «Հացին երգը» և այլ շատ երգեր:


Դանիել Վարուժանը սպանվել է 1915 թթ օգոստոսի 26-ին: