вторник, 26 апреля 2016 г.


Վիլյամ Սարոյան. Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը


Սարոյանը լինելով ամերիկյան գրող միաժամանակ հայ ազգային գրող է: Ճակատագրի բերումով նա կտրվել է իր հայրենի ժողովդրից ու լեզվից, բայց մնացել է նա խոր ազգային գրող: Եվ ինքը իր մասին գրել է. ՚՚Լեզուն, որով գրում եմ, անգլերեն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, բայց ոգին, որ ինձ մղում է գրելու հայկական է: Ուրեմն, ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին:   

Սարոյանի պատմվածքների առաջին ժողովածուն մեծ հաջողությամբ ընդունվեց ամերիկյան գրականության մեջ: Երիտասարդ հեղինակի անունը իսկույն տարածվեց, նրա պատմվածքներն ու պիեսները լայն ճանաչում գտան: Ամերիկյան գրական քննադատությունը նրան դրեց ժամանակի խոշոր գրողների կողքին: Հայկական թեմաներով նրա ստեղծագործություններից է ՙՙԻմ անունը Արամ է՚՚ պատմվածքաշարը: Այն
կարճ պատմվածքների ժողովածու է, որ առաջին անգամ տպագրվել է  1940 թ.։ Պատմվածքները հայ արմատներ ունեցող տղայի՝ Արամ Ղարօղլանյանի, և իր հարազատ–բարեկամների մասին է, որոնք բնակվում են ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը այս պատմվածաշարի առաջին պատմվածքն է: Գլխավոր հերոսը՝ Արամը  և  նրա  զարմիկ  Մուրադը  Ղարօղլանյանների  գերդաստանից են: Այս գերդաստանի  բոլոր  ճյուղերը  ապրում  են  աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ  չքավորության  մեջ:  Բայց նրանք հռչակված  են  իրենց  ազնվությամբ: Արամն  ու  Մուրադը  ապրում  են քաղաքի   ծայրամասում   Վոլնըտ  փողոցի վրա:  Մի օր  լուսադեմին Մուրադը  գալիս  է  Արամի  պատուհանի  մոտ,  արթնացնում  նրան:  

Նա  նստել է  մի  գեղեցիկ  սպիտակ  ձի, որը,  իրականում , գողացել  է:  Նրանք երկուսով ձիավարում են և չեն հասցնում  ձին  վերադարձնել  տեղը,  ուստի  պահում  են  մի լքված այգու  գոմում: Տանը  Արամենց  հյուր  է գալիս  Խոսրով  քեռին,  որը  տեղիանտեղի սիրում է ասել՝ «Վնաս չունի, ուշադրություն  մի դարձրու»  և Ջոն  Բայրո  անունով  մի ասորի  ագարակատեր, որ մենությունից  հայերեն  խոսել  է  սովորել:  Խոսակցությունից Արամը  հասկանում  է, որ  ձին նրանն է, և որ աայն գողացել  են  մեկ  ամիս  առաջ: Այդ մասին  խոսելով զարմիկի  հետ՝  որոշում  են,  որ  ձին  կվերադարձնենկես  տարվա ընթացքում, մինչև ինքն էլ սովորի ձիավարել Մուրադի նման: Սակայն մի օր պատահական  բախվում  են ագարակատիրոջը,  որը  ճանաչում  է  իր  ձիուն,  բայց քանի  որ գիտի, որ Ղարօղլանյանները չեն  կարող  գողեր  լինել,  կարծում է,  թե  դա  իր ձիու երկվորյակն է: Տղաներըհաջորդ օրը առավոտ  շուտ  ձին  տանում  են  Ջոն  Բայրոյի այգի և թողնում գոմում: Կեսօրից հետո նասայլով այցելում է Արամենց տուն և նրա մորն ասում, որ իր ձիուն վերադարձրել են: Ձին նույնիսկ ավելի ուժեղ է և բնավորությամբ մեղմացել է: Իսկ Խոսրով քեռին ասում է. «Հանգի~ստ, մա´րդ,հանգի~ստ: Քո ձին վերադարձվել է, վե´րջ,  ուշադրություն  մի  դարձրու»:
Այս պատմվածքում պատանի հերոսները սկզբում չեն էլ գիտակցում, որ իրենք գողություն են արել, որ դա վատ արարք է: Հերոսը մտածում է, որ գողությունը այն է, երբ փող ես գողանում, իսկ ձին չի կարող համարվել գողություն: Սպիտակ ձին կարծես խորհրդանշում է նրանց երազանքները: Երբ նրանք վարգում են ձիով, աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են: Սակայն, երբ իմանում են, թե ում ձին են գողացել և երբ հանդիպում են իրենց հարևանին, ով ճանաչում է ձիուն, որոշում են նրան հետ վերադարձնել, քանի որ գիտակցում են, որ դա արդեն խաղ չէ; Սակայն նրանք այնքան ազնիվ ընտանիքից էին և նրանց արաարքը այնքան մաքուր երազանքով էր ներշնչված, որ անգամ տուժող հարևանը տեսնելով իր ձիուն չի հավատում, որ այդ ընտանիքի անդամները կարող են գողություն անել: Ինձ դուր է եկել այն արտահայտությունը, երբ Խոսրով քեռին բարկանում է ասորի հարևանի վրա ու ասում, որ նա ընդամենը մի ձի է կորցրել, իսկ իրենք մի ամբողջ հայրենիք, և այս մեկ նախադասությամբ Սարոյանը արտահայտում է իր ժողովրդի ողջ ողբերգությունը:

Օգտագործված գրականություն
Վ.Սարոյան, Ընտիր երկեր չորս հատորով, հատոր առաջին, էջ 215-229: 5-16:

Համո Սահյանի ստեղծագործությունները

Համո Սահյանը XX դարի 2-րդ կեսի հայ ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն առանձնանում է հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ անհուն 
սիրով և բնապատկերների գեղարվեստական բազմազանությամբ:

Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հմայակ Գրիգորյան) 1939 թ-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը, 1939–41 թթ-ին աշխատել է տեղի «Խորհրդային գրող» թերթի խմբագրությունում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45 թթ.): 1945–51 թթ-ին աշխատակցել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթին, ապա տեղափոխվել է Երևան: 1951–54 թթ-ին՝ «Ավանգարդ», 1954–65 թթ-ին «Ոզնի» պարբերականների խմբագրություններում եղել է բաժնի վարիչ, 1965–67 թթ-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր:

Սահյանի առաջին գործերը տպագրվել են 1930-ական թվականներին, սակայն նա ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի», «Նամակ ճակատից», «Որոտանի եզերքին» բանաստեղծություններով: 1946 թ-ին լույս է տեսել առաջին՝ «Որոտանի եզերքին» ժողովածուն: Այնուհետև հրատարակվել են «Առագաստ» (1947 թ.), «Սլացքի մեջ» (1950 թ.), «Ծիածանը տափաստանում» (1953 թ.), «Բարձունքի վրա» (1955 թ.), «Նաիրյան դալար բարդի» (1958 թ.), «Հայաստանը երգերի մեջ» (1962 թ.), «Մայրամուտից առաջ» (1964 թ.) ժողովածուները, որտեղ բանաստեղծն ավելի է խորացրել իր նախասիրությունները, հարստացրել ասելիքն ու կատարելագործել բանաստեղծական արվեստը:

Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: «Քարափների երգը» (1968 թ.), «Տարիներս» (1970 թ.), «Սեզամ, բացվիր» (1972 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), «Իրիկնահաց» (1977 թ.), «Ժայռից մասուր է կաթում» (1979 թ.), «Կանաչ-կարմիր աշուն» (1980 թ.), «Տոհմի կանչը» (1981 թ.), «Դաղձի ծաղիկ» (1986 թ.), «Ինձ բացակա չդնեք» (1998 թ., հետմահու) ժողովածուներում բանաստեղծն անձնավորել է բնությունը, ներկայացրել մարդու և բնության հավերժ կենդանի կապը:

Սահյանական բնապատկերը շոշափելիության աստիճանի տեսանելի է. մարդը, հողը, կենդանին, քարափը ներդաշնակության մեջ են և լրացնում են միմյանցՕրը մթնեց», «Պապը», «Օգնականը ես եմ», «Հորթը», «Եզը» և այլն), բնության երևույթներն իմաստավորվում են մարդու ապրած օրվա փիլիսոփայությամբԱմպրոպից հետո», «Ժայռից մասուր է կաթում», «Պտուղդ քաղող չկա» և այլն):
Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին՝ «Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի բուռ ես», «Անունդ տալիս» և այլն

Հայաստա՜ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծառի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ թեքված մի սյուն եմ հիշում:

Սահյանի խորապես ազգային պոեզիայի մեջ, սակայն, հայրենիքը միայն աշխարհագրական տարածք չէ, այն նաև մարդու ներսում է, նրա աշխարհընկալման ձևի ու եղանակի մեջ՝ «Ախր ես ինչպե՛ս...», «Գարունդ հայերեն է գալիս», «Հայաստան ասելիս» և այլն

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես...
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է...
Կմնամ, կլինեմ այսպես:

Բանաստեղծի սիրերգության մեջ առանձնապես ուժեղ և անմիջական են պատանեկան անաղարտ սիրո մասին բանաստեղծություններըԿանչ», «Առաջին սեր», «Երկրորդ հարկի պատշգամբը», «Հրաշք լիներ», «Ես չգիտեի, թե ինչ է սերը» և այլն): Սիրային բանաստեղծություններում Սահյանն արտահայտել է նաև կարոտի, ցավի, հիասթափության, դառնության, հանդիպման ու բաժանման հուզական տրամադրություններ, բացահայտել մարդկային դրամատիկ ապրումների մի նոր աշխարհՉես ասի ոչ մի բառով», «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել», «Չհիշեի քեզ», «Կգամ», «Դու իմ կյանքն էիր» և այլն):

Վերջին շրջանի գործերում Սահյանն իրեն հուզող խնդիրներն արտահայտել է այլաբանական և փոխաբերական պատկերների միջոցով: «Խիղճդ մեռնի, աշխարհ, մուխդ մարի», «Թող աշխարհը ցավ չունենար», «Որ չքնի հանկարծ», «Հոգնել եմ արդեն», «Տարիներս» և այլ բանաստեղծություններում, «Հայրենի գյուղ», «Վերադարձ» պոեմներում բանաստեղծն ապրում է ժամանակի այրող խնդիրներով, նրան մտահոգում է Երկիր մոլորակի ապագան, մարդկային արատների կուտակումը, շեղումն առաքինության ճանապարհից:

Սահյանը գրել է նաև հայրեններ, թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Արսենի Տարկովսկու, Գարսիա Լորկայի և այլ բանաստեղծների գործերից:
Սահյանի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:
Երևանում Սահյանի անունով կոչվել է դպրոց, գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ:
Երևանում՝ Սահյանի տան պատին, տեղադրվել է բանաստեղծի դիմաքանդակը (2007 թ-ին, քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան):

Օգտագործված գրականություն 

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք 2

Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10:


Հրանտ Մաթևոսյան ՙՙԱշնան Արև՚՚


Մեր ժամանակակից դասական գրականության վառ ներկայացուցիչներից է Հրանտ Մաթևոսյանը: Նրա մուտքը գրականություն հաստատվեց հրապարակախոսական առաջին իսկ երկով՝ «Ահնիձոր» ակնարկով, որը սուր հարցադրումներով ցնցեց ոչ միայն ժամանակի մտավոր ու հանրային միտքը, այլև խմբագրակազմի աշխատակիցների պաշտոնանկության պատճառ եղավ։ Երկի լույս տեսնելուց հետո խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինները նշանառության տակ առան Հրանտ Մաթևոսյանին, դրանով իսկ զրկվելով նրան բուհն ավարտելու հնարավորությունից...
Աշնան արևը  Հրանտ Մաթևոսյանի վիպակներից մեկն է։ Հրատարակվել է 1973 թ.։

Վիպակի հիման վրա 1977 թ.  նկարահանվել է համանուն ֆիլմ։ Կյանքի աշնանը մոտեցող կինը՝ Աղունը, պատրաստվում է գյուղից գնալ Երևան որդուն ամուսնացնելու։ Ճանապարհի պատրաստությունների ընթացքում նա մտովի հիշում է իր անցյալը, որը մեծ տառապանքների ու փոքր ուրախությունների մի շղթա է։

Այստեղ հիմնական սյուժեն (Աղունը գնում է քաղաք` ամուսնացած որդուն այցելության) բաժանված է մանր սյուժեների, որոնցից յուրաքանչյուրը սկզբով և վերջով բացահայտում է հայ գյուղացու կյանքի դժվարությունները:

Աղունի կերպարը իր առանձնահատուկ ըմբոստությամբ նորություն է ազգային գրականության մեջ` նաև այն առումով, որ նա իրեն շրջապատող աշխարհն ընկալում է սեփական սպասումներով, իր ակնկալիքների և պահանջմունքների բավարարման առումով: Ինքնատիպ այս կինը աշխարհի և մարդկանց նկատմամբ ունի սեփական ակնկալիքները, սակայն նրա երազանքները փշրվում են տասնամյակներ շարունակ խորթ մոր վերաբերմունքից սկսած, որին հաջորդում են ամուսնությունից հետո ապրած վիշտն ու տառապանքը, ամուսնու ընտանիքի անդամների հետ ունեցած վեճերը: Աշխարհին պրկված նյարդերով նայող Աղունը երբեմն էլ կորցնում է իրականության հետ կապը և ընկնում հիստերիայի մեջ:

Իհարկե, նրա` քաղաք մեկնելը ավագ որդու` Արմենակի մոտ, վիպակում խորհրդանշական իմաստ ունի. չէ՞ որ քաղաքում ապրելով, նա արդեն պետք է փոխի իր պատկերացումները կյանքի մասին, քանի որ  փութկոտ ռիթմով ապրող կանայք այնտեղ կարողանում են իրենց ես-ը ազատել կենցաղից: Աղունը, սակայն, քաղաք չի հասնում, նրան այնտեղ չենք տեսնում, բայց նրա  ապրումները, որոնց նա հաղորդակից է դարձնում ընթերցողին իր ապրած կյանքով, վկայում են նաև անհայտի հետ հանդիպման նրա վախի մասին` ինչպիսի՞ն է նա և, ինչպիսի՞ն կտեսնի ինքը քաղաքը, ինչպե՞ս կընդունի իրեն Արմենակը, ինչպե՞ս կվերաբերվի իր հետ հարսը. Աղունին մասնավորապես մտահոգում է հարսի վերաբերմունքը իր նկատմամբ, քանի որ ինքն իրեն լավ հարս չի համարում:

«Աշնան արևը» վիպակում հեղինակը կարողացել է ներկայացնել քաղաքի հանդեպ Աղունի ունեցած մտահոգությունները, որ գյուղի չարքաշ աշխատավոր կնոջը դրդում են վերապրել իր բարդ, բազմաչարչար կյանքը: Աղունը  մերժված, չգնահատված, օտարված և վերջապես ներվային կնոջ մի կերպար է, որի միջոցով գրողը միաժամանակ փորձում է իր ուշադրությունը կենտրոնացնել հայ կնոջ հիմնախնդրին, նրա կերպարի արդիականացման անհրաժեշտության վրա. չսիրած ամուսնուն հավատարիմ Աղունը ցանկանում է լինել երջանիկ և գնահատված:

Որքան վառ, գունեղ և ըմբոստ է Աղունի կերպարը, նույնքան հանդուրժող, հանգիստ և առաջին հայացքից անճար է Սիմոնը, և այս առումով էլ նրա անվան ընտրությունը ազգային գրականության մեջ հիշեցնում է Ավ. Իսահակյանի հանրահայտ ծառայի կերպարին: Սիմոնը աշխատավոր մարդ է, հարգանքի արժանի, որն իր ընտանիքի ապրուստը հոգալու համար գիշեր-ցերեկ աշխատում է: Նա իր ընտանիքի անդամների հանդեպ մեծ պատասխանատվություն ունեցող անձնավորություն է, որն իր կյանքում միայն մեկ բան գիտե` հանդի և տան ճանապարհը: Խրախճանքը, անհոգ կյանքը նրա համար չեն, և Սիմոնը նույնիսկ վախ ունի դրանց նկատմամբ:   Աղունի  ագրեսիայով պայմանավորված, նա մի հստակ կողմնորոշում ունի` պահպանել ընտանիքը, թեկուզ և իրեն չսիրող կնոջ հետ: Սիմոնը չի ձգտում քաղաք գնալ և հոգու խորքում էլ դեմ է Աղունի գնալուն: Նրա կարծիքով, ճիշտ կլիներ, որ Արմենակը վերադառնար գյուղ, սակայն Աղունի խոսքի տարափը հետ է պահում նրան այդ մտքից, և նա գերադասում է լռել` թաքցնելով իր` Աղունի հանդեպ տարիների ընթացքում կուտակած վախը: Սիմոնը ևս չի սիրում Աղունին. «Եթե մեր մեջ սիրո պես մի բան եղել է` այդ եղել է Ձորագէս կայարանի լուսավոր խանութում» , սակայն նրանք շարունակում են իրենց համատեղ կյանքը` ցանկանալով պահպանել իրենց` դառնությամբ ստեղծած խաբուսիկ բարեկեցության պտուղները հանուն հասարակական կարծիքի:

Մարդիկ ապրում են գյուղում, բայց չեն կարծում, թե իրենք լավ են ապրում:
Վիպակի գագաթնակետը այն դրվագն է, որտեղ Սիմոնը Աղունին տանում է մայրուղի, որ քաղաք ճանապարհի:

Ստեղծագործության վերջում, մինչև ձին բեռնեն, արդեն Սիմոնն է իր հիշողություններով. դժվար կյանք է ապրել նաև Սիմոնը. կյանքը իր դժվարություններով և Աղունն իր դժգոհություններով նրան դրել են ծանր վիճակի մեջ: Սիմոնը Սոնային էր սիրում: Սիմոնը` խեղճ ու կրակ, սիրելով Սոնային , իր չսիրած կնոջ հետ էր ապրում: Եվ այս մտորումների մեջ, վախենալով, որ իր որդին էլ սխալ ընտրություն կանի,  նա կնոջը պատվիրում է, որ տղային հայտնի ու փորձի համոզել, որ նա չշտապի և զագս չգնա:
Այդպես էլ ավարտվում է ստեղծագործույթունը . Սիմոնը կրկնում և խնդրում է, որ Աղունը որդուն չմոռանա հայտնել զագս չշտապելու մասին իր մտադրությունը, իսկ Աղունը նրա ասածը չմտապահելով` հարցնում է` ի՞նչը, ի՞նչը…

Օգտագործված գրականություն

Արմինե Ստեփանյան, Հրանտ Մաթևոսյանի գեղարվեստական հրապարակախոսության լեզվաոճական մի քանի առանձնահատկություններ /http://www.magaghat.am/

Մ.Ք. Զաքարյան,  Հետարդիական արժեքային բազմաչափ համակարգը Հր. Մաթևոսյանի  «Աշնան արև» վիպակում http://lraber.asj-oa.am/6228/1/183.pdf