воскресенье, 19 января 2014 г.

Էսսե  Սասնա ծռեր էպոսի մասին

  Սասնա ծռեր էպոսը ձևավորվել է հազարամյակներ առաջ և բանավոր կերպով հարատևել մինչև տասնիններորդ դարի վերջերը, երբ Գարեգին Սրվանձտյանցը գրի առավ նրա մի քանի պատումները։ Այնուհետև տարբեր բանահավաքներ պատմական Հայաստանի տարբեր վայրերից գրի առան մի քանի տասնյակ պատումներ, որոնց հիման վրա կազմվեց էպոսի համահավաք տեքստը, որը մենք այսօր կարդում և սովորում ենք։ Աշխարհի շատ ժողովուրդներ ունեն էպոս, բայց քիչ էպոսներ կան, որոնց հերոսների վերադարձին սպասում են մինչև այսօր։ Հայ ժողովուրդը մինչև այսօր սպասում է այն օրվան, թե երբ պետք է աշխարհն այնքան արդար դառնա, որ փոքր Մհերը դուրս գա Վանա ժայռից և իրականացնի մեր բոլոր երազանքները։
Սասնա ծռեր էպոսը բաղկացած է չորս ճյուղից. Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ և Փոքր Մհեր։ Յուրաքանչյուր ճյուղում պատմվում է նշված հերոսների ծննդյան, կյանքի, ամուսնության, քաջագործությունների և մահվան մասին։ Իմ ամենասիրած հերոսը Մեծ Մհերն է, որովհետև նա կռվում է առյուծի հետ և փրկում Սասունը սովից, հաղթում է Մսրա Մելիքին  և ազատում Սասունը հարկերից, սպանում դևերին և ազատագրում Արմաղանին ու վիշապների արգելափակած ջրերը։  Նա շատ հակասական կերպար է. Շատ սիրում էր Սասունը և իր կնոջը, բայց տրվելով գինու և Մսրա տիրուհու խաբեություններին յոթ տարի գինով հարբած ապրում է Մսրում։ Բայց նա այնքան էր սիրում իր Սասունը և այնքան էր ուզում, որ Սասնա տոհմը շարունակվի, որ նույնիսկ իր և Արմաղանի կյանքի գնով համաձայնում է, որ իրենք զավակ ունենան, որից հետո նրանք մահանում են և ծնվում է մեր ժողովրդի ամենասիրելի հերոսը՝  Սասունցի Դավիթը։

Ես կարծում եմ, որ մենք այսօր էլ շատ բան կարող ենք սովորել մեր էպոսից. Ամենակարևորը՝ թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես կարելի է վերաբերվել թշնամիներին և ինչպես պետք է ձգտել արդարության ու չնայած ամեն ինչին հավատալ մեր երկրի լավ ապագային, ինչպես հազարամյակներ շարունակ արել է մեր ժողովուրդը ու մեր էպոսի ամեն հերոս։ 

Комментариев нет :

Отправить комментарий